Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քրեաօլիգարխիկ ռեժիմը, որը հաստատվել է Հայաստանում, ինքն իրեն չի հանձնվելու»

«Քրեաօլիգարխիկ ռեժիմը, որը հաստատվել է Հայաստանում, ինքն իրեն չի հանձնվելու»
08.03.2014 | 00:10

irates.am-ի հարցերին պատասխանում է «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ:


-«Նախախորհրդարանն» անցյալ տարի Ազատության հրապարակում մի քանի հանրահավաքներ անցկացրեց: Այն ժամանակ հայտարարում էիք, որ քաղաքացիական համախմբման, ճնշման միջոցով կարողանալու եք հասնել իշխանափոխության: Ինչո՞ ւ տևական ժամանակ չեք իրականացնում հրապարակային գործունեություն: Մարտի 1-ի հանրահավաքում էլ «Նախախորհրդարանը» հանդես չեկավ:

-Դուք ներկայացնում եք պնդումների շարք, որոնց ես համաձայն չեմ: Անցյալ տարի, երբ ժողովուրդը հուսահատված էր, մենք իրականացրել ենք մի քանի իրազեկման հանրահավաքներ, որոնց միջոցով էլ ստեղծվել է այն ցանցը, որն ընդլայնվել է թե՛ հանրապետությունով մեկ, թե՛ Երևանում և թե՛ Սփյուռքում:
Ինչ վերաբերում է մեր ակտիվությանը, ապա հանրահավաքը հրապարակային գործունեության միակ ձևը չէ, այլ՝ ձևերից մեկը: Մեր բոլոր փոքր ու մեծ միջոցառումները ունեն մեկ նպատակ՝ նախապատրաստություն քաղաքական նոր իրողությանը, որը հաստատվելու է Հայաստանում:
Մենք այսօր ականատեսն ենք լրջագույն փոփոխությունների թե՛ հետխորհրդային ողջ տարածքում, թե՛ մեզ հարևան իսլամական պետություններում: Հայաստանի (ներառյալ Արցախի) գոյատևումը այս տեկտոնական փոփոխությունների պայմաններում պահանջելու են ոչ թե պարզ իշխանափոխություն, այլ համակարգափոխություն, որին պետք նախապատրաստված գնալ:
Ինչ վերաբերում է մարտի 1-ին, Նախախորհրդարանը մասնակցեց զոհերի հիշատակի հարգման արարողությանը: Իսկ հանրահավաքին հերթական անգամ խոսվեց արտահերթ ընտրությունների մասին, որից հետո ժողովրդին նորից տուն ուղարկեցին: Կան, իհարկե, ոչ քիչ թվով մարդիկ, որոնք փոփոխությունների հասնելու իրենց հույսը կապում են ԱԺ ընդդիմության հետ: Մենք լսեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, նրա առաջ քաշած թեզերը: Ըստ այդ թեզերի՝ ՀԱԿ-ը իշխանափոխությունը տեսնում է արտահերթ ընտրությունների ճանապարհով, սակայն համաձայն է նաև կառավարության հրաժարականի պահանջին, նոր՝ ազգային համաձայնության կառավարության ստեղծումով: Մենք, չենք ընդունում այս մոտեցումը, քանի որ նման փոփոխությունների համար ԱԺ-ում պետք է ստեղծվի նոր մեծամասնություն: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, և ցանկացած որոշում նա կարող է տորպեդահարել: Նոր մեծամասնություն ստեղծելու համար պետք է ԱԺ քաղաքական ուժերի մի մասն արտահոսի դեպի ընդդիմություն: Նման բան տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ երկրում հաստատվում է ուժային նոր հաշվեկշիռ: Դա մեզ հայտնի է վերջին քսան-քսանհինգ տարիների թե՛ հայկական , թե՛ միջազգային, այդ թվում՝ վերջին շրջանի ուկրաինական փորձից:
Մենք նույնպես այն կարծիքի ենք, որ փոփոխությունները լինելու են արտահերթ ընտրությունների միջոցով, բայց մինչ այդ պետք է լինեն նոր ընտրական հանձնաժողովներ: Այսինքն՝ անցումային կառավարությունը պետք է հաստատված լինի մինչև ընտրությունները: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը պետք է զգա ժողովրդի ճնշումը, որպեսզի ստեղծվի անցումային կառավարություն: Այսինքն՝ սպասել, թե խորհրդարանում կլինեն փոփոխություններ՝ առանց համակարգից դուրս ձևավորված քաղաքական իրականության, բացարձակ անտրամաբանական է:
Ահա հենց այդ նոր, արտահամակարգային քաղաքական իրականության ստեղծման էլ ուղղված է մեր գործունեւեթյունը՝ իր բազմազան արտահայտություններով:

-«Նախախորհրդարանը» ակտիվ մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին: Բայց տեսնում ենք, որ նույն «Փակ շուկա»-ի դեպքում քաղաքացիական ակտիվիստների պայքարը չգրանցեց ոչ մի արդյունք. Սամվել Ալեքսանյանն իր «ժողովրդին» հանեց քաղաքացիական ակտիվիստների դեմ, և դրանից հետո հարցը լուծվեց:

-Նորից համաձայն չեմ Ձեր գնահատականների հետ: Ժողովրդի պայքարելու կամքը թրծվում է փոքր ու մեծ դիմադրությունների ընթացքում: Փոքր թվացող պայքարների շնորհիվ է կոփվում քաղաքացին, որն էլ վաղը կարողանալու է ազատագրել Հայաստանը նոր գաղութային վարչախմբից:
Ինչպես մյուս քաղաքացիական նախաձեռնությունների դեպքում, այնպես էլ «Ծածկած շուկա»-ի դեպքում, նախևառաջ գործ ունենք պայքարի դպրոցի հետ: Դիմադրության կաթիլները ի վերջո հավաքվում են մեկ մեծ կաթսայի մեջ: Եվ հայտնի չէ թե որ նախաձեռնության դեպքում է լցվելու վերջին կաթիլը, որն էլ լուծելու է ապազգային համակարգից ազատագրվելու հարցը:
Բացի այդ «Ծածկած շուկա»-ն լակմուսի թղթի նման ի հայտ բերեց եղելություններ, որոնք մինչ այդ քողարկված էին:
Օրինակ հայկական «տիտուշկաները», որոնց տեսանք Ուկրաինայում, բացահայտվեցին հենց այս պայքարի ընթացքում: Ակնհայտ դարծավ նրանց և ոստիկանության կապը: Բացահայտվեց ամենաթողության բացառիկ իրավիճակը և այսօրվա կառավարության ողջ սնանկությունը: Տեսեք, մշակույթի նախարարն ինչ է ասում՝ ես հոգնել եմ իմ պարտականությունները կատարելուց: Ի՞նչ է սա նշանակում: Մենք ունենք վերնախավային ճգնաժամ, երբ որոշումները կայացվում են կառավարությունից դուրս ինչ-որ մութ տեղ, ընդ ուրում՝ չի գործում ոչ մի օրենք:

-Շանթ Հարությունյանն իրականացրեց մի ակցիա, որի հետևանքով ինքն ու իր ընկերները չորս ամսից ավել է, ինչ գտնվում են անազատության մեջ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևություններ արեց Շանթի այս քայլից մեր քաղաքական համակարգն՝ իր իշխանություն-ընդդիմություն սեգմենտներով:

-Բողոքի արտահայտման այն ձևը, որը Շանթ Հարությունյանը ընտրեց, կարծում եմ, բացառիկ ազնիվ ակունքներ ուներ: Սակայն հենց այս դեպքը վառ ցույց է տալիս, որ Հայաստանում այսօր դեռևս պարտիզանական պայքարի ժամանակն է: Անխուսափելիորեն Հայաստանում հասունանալու է նաև ճակատային պայքարի պահը: Քրեաօլիգարխիկ լուծը, որը հաստատվել է Հայաստանում, ինքն իրեն չի հանձնվելու:

-Տեսեք, ընդդիմադիր ՀԱԿ-ը տևական ժամանակ է, ինչ առաջ է քաշում բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը: Ռեալ չէ՞ այն:

-Սա այլևս հնացած եզրույթ է, որը չի արտացոլում ներկայիս Հայաստանի և հայության բարդ իրականությունը: Առավել ևս եթե մենք բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կապենք Գագիկ Ծառուկյանի ֆեոդալական կերպարի հետ, ապա որպես ժողովուրդ, երբեք չենք ունենա որևէ կենսունակ հեռանկար:
Նախ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ենթադրում է, որ մենք գտնվում ենք ֆեոդալական հասարակարգում, որն այդպես չէ: Չնայած, ֆեոդալական վերապրուկների առկայությանը, մենք որպես ժողովուրդ ավելի բարդ հետագիծ ենք անցել, ներառյալ խորհրդային ինդուստրալացումը և ուրբանիզացիան: Իսկ այսօր աշխարհը գնում է դեպի հետինդուստրիալ հարաբերությունների փուլ: Եթե մենք չենք ուզում հայտնվել պատմության լուսանցքում, մենք պետք է տեսնենք, թե որտեղ է քաղաքակրթության մայրուղին:
Անհրաժեշտ է հին ու նոր սփյուռքի հետ գործուն աշխատանք տանելով, ակտիվ հայրենադարձություն իրականացնելով ՝ փորձենք թռիչք կատարել, և այդ թռիչքը պետք է կատարվի դեպի ավելի բարձր տեխնոլոգիական հասարակություն: Այսօր մեզանում առկա են տարբեր խավեր, այդ թվում նաև այն խավը, որը այսօր «Դեմ եմ» շարժման կորիզն է կազմում: Այդ շարժման շարժիչ ուժը հենց Հայաստանի այն երիտասարդությունն է, որը տնտեսական «թռիչքի» մեջ է գտնվում և հավատում է նաև երկրի թռիչքաձև զարգացման հնարավորությանը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում պետք է ոչ թե բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիր լուծել, այլ ավելի բարդ հարաբերությունների հաստատման խնդիր: Ի դեպ, այդ նոր Հայաստանի տեսլականի հանրային քննարկումների արդյունքում մշակվել է Նախախորհրդարանի ռազմավարական հայեցակարգը, որտեղ շարադրված են մեր պատկերացումները ստեղծվելիք պետական համակարգի ուրվագծի մասին:

-Վերջին տարիների ընթացքում ձևավորվեցին քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ, ի հայտ եկան նոր, երիտասարդ գործիչներ: Ինչո՞ւ այսօր հարթակը շարունակում են զբաղեցնել «հին գվարդիայի» քաղաքական գործիչները, որոնք չեն արդարացնում հենց նոր սերնդի սպասելիքները:

-Մենք ունենք փայլուն երիտասարդություն, որն ինքն է թելադրելու «հին գվարդիային», և նրանց միջից ծնվելու են նոր առաջնորդներ: Հենց նույն «Դեմ եմ» շարժումից, վստահ եմ, որ նոր առաջնորդներ են ծնվելու: Այդ նախաձեռնությունները քաղաքական հասունացման դպրոց են դառնում շատ երիտասարդների համար: Մենք հին սերնդի գործիչներից չունենք սպասելիքներ, որովհետև նրանց դարաշրջանն է ավարտվում: Ինչպես 1988 թվականին ի հայտ եկան անսպասելի քաղաքական առաջնորդներ, նույն անսպասելի ձևով էլ հիմա է լինելու:
Ես կարծում եմ, որ մնալով Ազգային Ժողով կոչվող քաղաքական կազինոյում՝ հնարավոր չէ հասնել փոփոխությունների: Պետք է ուժ գտնել, դուրս գալ փողոց և ճնշում գործադրելով՝ հասնել համակարգափոխության:

-Մաքսային միությանը միանալուն դեմ դուրս չեկավ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը: Այս դեպքում ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել:

-Ուկրաինական իրադարծությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ ողջ Եվրասիա մայրցամաքը թևակոխել է քաղաքական անկայունության փուլ: Այդ պայմաններում խոսել Մաքսային միություն մտնելու անշրջելիության մասին ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև վտանգավոր: Եթե այդ միությունը փլուզվի, ինչպե՞ս ենք մենք դրա փլատակների տակից դուրս գալու: Ո՞ւր են այդ հաշվարկները:
Միայն առաջին հայացքից է ճիշտ թվում, որ եվրասիական անկայությունից խուսափելու և սեփական անվտանգությունը ապահովելու լավագույն լուծումը Հայաստանի նման «փոքր նավերի» համար պետք է լինի ամուր խարիսխ գցելը՝ եվրոպական կամ ռուսական տարբերակներով: Մինչդեռ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, փոթորիկների ժամանակ նավերին խորհուրդ չի տրվում խարիսխ գցել, որպեսզի չհայտնվեն անկանոն ալիքների տակ:
Ժամանակի պահանջն է, որ Հայաստանի հանրապետությունը (ներառյալ Արցախը) ծնի այնպիսի քաղաքական վերնախավ, որը օժտված լինի անհրաժեշտ քաղաքական խիզախությամբ և ճկունությամբ: Այս կամ այն բլոկի մեջ հայտվելը հղի է ոչ միայն մեծագույն վտանգներով: Վտանգները բոլոր պարագաներում անխուսափելի են: Բլոկային լուծումների դեպքում մենք զրկվելու ենք ճակատագրական պահերին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից: Ահա սա է ամենավտանգավորը, որից ամեն գնով պետք է խուսափել: Նկատենք, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի հաշվեկշիռը այնպիսին է, որ նրանք իրար հաջողությամբ չեզոքացնում են, որի վկայությունն է Արցախի և Ադրբեջանի միջև խաղաղապահների բացակայությունը:
Ուկրաինայի իրադարձությունները ուսանելի են Հայաստանի համար: Տեսեք՝ Ուկրաինայում բլոկների մրցակցության պարագայում սուր ճգնաժամային տեսք ստացան ներքին արատները: Մյուս կողմից ՝ժողովուրդն ապստամբեց՝ ազատվելու քրեաօլիգարխիկ համակարգից: Փաստորեն երկու գործընթաց տեղի ունեցան զուգահեռաբար: Հետագա գործընթացները ցույց կտան, թե կկարողանա՞ արդյոք Ուկրաինայի ժողովուրդը ազատագրվել նոր գաղութատիրական քրեաօլիգարխիայից և զերծ մնալ այս կամ այն բլոկի մեջ մտնելուց, թե՞ հերթական Ռիբենտրոպ-Մոլոտովի պայմանագիրը կստորագրվի:
Հիշենք, թե ինչպես ժամանակին Կիլիկիան գոյատևեց ժամանակի երկու հզոր բլոկների միջև: Որքան էլ տարօրինակ թվա, այսօր նորից, ինչպես հազար տարի առաջ, մենք ենք լուծելու մեր լինել-չլինելու հարցը և ոչ թե մեծ տերությունները:
Հակառուս, հակաեվրոպացի, հակաիսլամ կեցվածքները մեր համար չեն: Հայաստանի անվտանգությունը այս տարածաշրջանում պահանջում է լինել կապող կամուրջ ռուսական, արևմտյան և իսլամական աշխարհների միջև: Ընդ որում Շվեյցարիայի նման՝ ամեն պահի մեկ մարդու պես պատրաստ լինելով ինքնուրույնաբար զենքով պաշտպանելու սեփական ազատությունը և անվտանգությունը: Սակայն այդ անելու համար պետք է նախ նվաճել այդ ազատությունը նոր գաղութային վարչախմբից:


Հարցազրույցը՝ Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ